Երևանն «Էրիվան» է գրվել, Բաքվում բարձրացրել ենք հարցը, քննարկել ենք տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը
«Մենք երկխոսության գործընթացի մեկնարկային փուլում ենք, ինչը բավականին բարդ է՝ նաև հաշվի առնելով 35 տարվա հակամարտությունը, դրա ամբողջ զգայական շերտերը, և, բնականաբար, մենք էլ քաջ գիտակցում ենք, որ գործընթացը բարդ է»:

Այս մասին Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը:

«Ադրբեջանական կողմը ընդգծել է խաղաղության դիվիդենդների գաղափարը, որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը, երկու երկրների հասարակություններն իրենց մաշկի վրա զգան խաղաղության կամ հաստատված խաղաղության (ինչպես հայտարարվում է) օգուտները և արդյունքները: Բանակցություններ են ընթանում նաև այս ուղղությամբ տարբեր պրակտիկ ծրագրերի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը: Դրանցից է, օրինակ, ադրբեջանցի տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանությամբ բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս:

Միևնույն ժամանակ ադրբեջանական մեդիաներում մենք պարբերաբար հանդիպում ենք տեղանունների խնդրի: Վերջին նման օրինակը «Ազերթաջ»-ի ռուսալեզու հրապարակումն էր, որտեղ Երևանն «Էրիվան» էր գրվել: Այս հարցը հենց կոնկրետ օրինակով ներկայացվեց: Ադրբեջանական կողմն առնվազն համաձայն է այն գաղափարին, որ, այո՛, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, հռետորաբանության և տեղանունների խնդրին, փորձել հնարավորինս նվազեցնել նման դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացասաբար ազդել նաև կարգավորման գործընթացի վրա: Նույն «Ազերթաջ»-ի վերաբերյալ առնվազն խոստում եղավ, որ կզրուցեն ադրբեջանական խմբագրակազմի հետ:

Նման փոքր արդյունքները կարևոր են առաջ շարժվելու և փոխվստահության մթնոլորտ կառուցելու համար»,- ասել է: