Փաստինֆոն պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից տեղեկանում է, որ ընկերությունը երկու առանձին պայմանագիր է կնքել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 30 միլիոն դրամ։
Պայմանագրերից մեկը կնքվել է «Մագ Մոթորս» ՍՊ ընկերության, մյուսը՝ «Ավտոտեխ Պլուս» ՍՊ ընկերության հետ։
Ուշագրավ է, որ «Մագ Մոթորս» ՍՊ ընկերությունը պետական գնումների ընթացակարգերին մասնակցում է առաջին անգամ։ Այսինքն՝ ընկերությունը պետական գնումների ոլորտում նոր կապալառու է և «Երևանի ավտոբուս»-ից միանգամից 30 միլիոն դրամ է ստացել։
Մյուս կապալառուն՝ «Ավտոտեխ Պլուս» ՍՊ ընկերությունը, «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության հետ ընդհանուր առմամբ 4 պայմանագիր է կնքել։ «Երևանի ավտոբուս»-ի հետ կնքված այս պայմանագիրը ընկերության երկրորդ խոշոր գործարքն է, որի արժեքը կազմել է 30 միլիոն դրամ։
Ընկերության ամենախոշոր պայմանագիրը կնքվել է 2023 թվականին և կազմել է 200 միլիոն դրամ։
Փաստաթղթերից տեղեկանում ենք, որ պայմանագրերի շրջանակում իրականացվել են Zhongtong, Higer և Gazelle City մակնիշի ավտոբուսների արտաքին և ներքին հարդարման ու վերանորոգման աշխատանքներ։
Մասնավորապես, ծառայությունների շրջանակում նախատեսվել են ավտոբուսների մշակման, հղկման, ներկման և փայլեցման աշխատանքներ, դիմապակիների տեղադրում, անվահեծերի ապամոնտաժում, հղկում, ներկում, հավասարակշռում և կրկին հավաքում և այլ աշխատանքներ։ Նախատեսվել է նաև ավտոբուսների նստատեղերի վերանորոգում։
Այսպիսով, «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ավտոբուսների վերանորոգման և հարդարման աշխատանքների համար երկու ընկերության հետ կնքված պայմանագրերով ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամ է հատկացրել, ընդ որում՝ կապալառուներից մեկը պետական գնումների ոլորտում առաջին անգամ մասնակցող ընկերություն է։

.png)
.png)