«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքը տեղի կունենա աշնան սկզբին
«Tour of Armenia» խճուղային հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա մրցաշարը պաշտոնապես գրանցվել է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և կայանալու է այս աշնանը՝ 2026 թվականի սեպտեմբերի 10-ից 13-ը: 
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցած միջգերատեսչական հանձնաժողովի վերջին նիստում հաստատվել են կազմակերպչական մի շարք առանցքային մանրամասներ. 
Մրցաշարի հիմնական կազմն ու աշխարհագրությունը
  • Մասնակիցներ. Մրցաշարին նախատեսվում է շուրջ 18-20 պրոֆեսիոնալ թիմերի մասնակցություն: Յուրաքանչյուր թիմ կազմված է լինելու 6 հեծանվորդից: Ընդհանուր առմամբ Հայաստան է ժամանելու ավելի քան 300 պատվիրակ:
  • Մրցուղիները. Հեծանվավազքի ընդհանուր երկարությունը կազմելու է շուրջ 500 կիլոմետր: Այն անցնելու է մայրաքաղաք Երևանով և Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու ու Արագածոտնի մարզերով:
  • 4 հիմնական փուլերը. նախանշված ուղիներն են՝
    1. Երևան — Մարտունի
    2. Իջևան — Ստեփանավան
    3. Վանաձոր — Ապարան — Քարի լիճ
    4. Գյումրի — Աշտարակ — Վաղարշապատ — Երևան
Մրցաշարի կազմակերպման խորհրդատվական աշխատանքներն իրականացնում է իտալական հայտնի «RCS Sports and Events» ընկերությունը (որը կազմակերպում է նաև հանրահայտ «Giro d'Italia»-ն): Նախագծի նպատակն է ոչ միայն սպորտի զարգացումը, այլև միջազգային հարթակներում Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալի ու բնության պատշաճ ներկայացումը։