Մոսկվայի մարզային դատարանը Ստաս Նամինի (Միկոյան) խորթ որդուն՝ Ռոման Տկաչենկոյին, դատապարտել է 18 տարվա խիստ ռեժիմի ուղղիչ գաղութի՝ կրկնակի սպանության գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դատավարության ընթացքում Տկաչենկոն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը սպանությունների մեջ, սակայն չի համաձայնել իր գործողությունների իրավական որակման հետ: Նա հայտարարել է, որ սիրել է սպանված տատիկին ու եղբորը, և ընդգծել է, որ Նամինի հետ միշտ վատ հարաբերությունների մեջ է եղել:
Պաշտպանական կողմը պնդում էր, որ Տկաչենկոն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. փաստաբանը նշել է, որ ամբաստանյալը նախկինում ինքնասպանության փորձեր է կատարել և հանցագործության պահին գտնվել է աֆեկտի վիճակում: Որպես ապացույց նա վկայակոչում էր մեղադրյալի վարքագիծը սպանությունից հետո. վերջինս թավալվել է հատակին և տարօրինակ բառեր արտասանել: Տկաչենկոյի մայրը նույնպես նշել է որդու հոգեկան խոցելիությունը և ասել, որ ողբերգության պատճառները մասամբ թաքնված են ընտանեկան բարդ հանգամանքների մեջ:
Այնուամենայնիվ, իրականացված փորձաքննությունը Տկաչենկոյի մոտ ծանր հոգեկան խանգարում չի հայտնաբերել: Դատակոչի փուլում դատախազը ամբաստանյալի համար պահանջել էր 20 տարվա խիստ ռեժիմի ազատազրկում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի առանձնատներից մեկում հայտնաբերվել էին տարեց կնոջ և նրա 30-ամյա թոռան մարմինները՝ ծակած-կտրած վերքերով: Ըստ քննության տվյալների՝ վեճից հետո Տկաչենկոն սպասել է, մինչև տատիկը քնի, և կատարել է սպանությունը: Այնուհետև նա զանգահարել է եղբորը և խնդրել գալ, ինչից հետո նրան նույնպես զրկել է կյանքից, ապա պատահածի մասին հայտնել ոստիկանությանը:

.png)
.png)