Pentagon-ը Boeing-ի հետ 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել վեցերորդ սերնդի կործանիչների համար

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Boeing Co. ընկերության հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին՝ վեցերորդ սերնդի F/A-XX տախտակամածային ստելս-կործանիչների արտադրության համար, որոնցով 2030-ականներից սկսած կհագեցվեն ամերիկյան ավիակիրները։

Ինչպես նշել են Պենտագոնում, F/A-XX կործանիչը տասնամյակներ շարունակ կապահովի ավիակիրներից ուժի առաջատար պրոյեկցիա։ Այն կփոխարինի ԱՄՆ ռազմածովային ուժերի հնացած F/A-18E/F Super Hornet և EA-18G Growler կործանիչներին և կշահագործվի հինգերորդ սերնդի F-35C տախտակամածային կործանիչի հետ համատեղ։ Բացի այդ, F/A-XX-ը կկարողանա գործողություններ իրականացնել կիսաինքնավար անօդաչու հարթակների հետ համատեղ, որոնք հայտնի են որպես համատեղ մարտական ավիացիայի ինքնաթիռներ (CCA)։

«Վեցերորդ սերնդի կործանիչը բեկում է օդային գերազանցության նվաճման գործում։ Այն աշխարհի լավագույն օդաչուներին կապահովի աննախադեպ հնարավորություններով՝ մարտական գործողություններ վարելու, հաղթելու և անվտանգ տուն վերադառնալու համար։ Մենք ուրախ ենք Boeing-ի հետ համագործակցության համար և այն բանի համար, որ մեր զինծառայողները կկարողանան նաև հետագայում գերիշխել երկնքում և հաղթել մեր երկրի թշնամիներին»,- հայտարարել է ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Հունգ Կաոն։