Հիշատակի օր․ Վահագն Ստամբոլցյան

Այսօր՝ հուլիսի 5-ին, վաստակաշատ երգեհոնահար, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանի հիշատակի օրն է։

Վահագն Ստամբոլցյանը մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը։

Նվագացանկն ընդգրկում է մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, նաև Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերից։

Ստամբոլցյանն առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ)։ Կատարումն աչքի է ընկնում գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանումով։ Համերգներով հանդես է եկել նաև արտասահմանում։

Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշել է Մեծ եղեռնի տարելիցը։ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ հայ հոգևոր երգը տեղ է գտել բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում։

Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Խորհրդային Միության համարյա բոլոր քաղաքներում, ուր կային երգեհոնային համերգային դահլիճներ, մասնավորապես Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Ռիգայում, Վիլնյուսում և այլուր։