ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 22-ին աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ կառավարության 300 դպրոց ծրագրի շրջանակում կառուցվող Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցներ։

Այցին մասնակցել է նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

  Նախարարի առաջին կանգառը Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցն էր, որտեղ նախկին դպրոցի տարածքում կառուցվում է նոր դպրոց՝ շուրջ 670 տեղ հզորությամբ։ Նախարարը կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում քննարկել ընթացիկ խնդիրները՝ շեշտելով աշխատանքները որակով և ժամանակին կատարելու առաջնահերթությունը։

     Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Վաղարշապատ քաղաքի դպրոցները ներկայում գերծանրաբեռնված են, ուստի առաջնային խնդիր է նոր կառուցվող դպրոցների ժամանակին շահագործումը, որից հետո փուլային եղանակով վերակառուցման և բարեկարգման ցանկում կընդգրկվեն նաև մյուս հաստատությունները՝ պահպանելով  ուսումնական գործընթացի անխափան ընթացքը։

     Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցները կառուցվում են ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ։