Հերոսածին մայրերի ապրիլի 7-ը նշանավորվեց «Որդիների կանչ» ՀԿ-ի ցուցահանդես-երեկույթով


Երեկ՝ ապրիլի 7-ին «Որդիների կանչ» ՀԿ-ն կազմակերպել էր ցուցահանդես-երեկույթ՝ նվիրված ՀԿ-ի անդամ հանդիսացող հերոսածին մայրերին։ Օրվա առաջին կեսին նկարիչների միությունում մայրերը ներկա գտնվեցին ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին իրենց անմահ հերոս որդիների դիմանկարները։ 


Ցուցահանդեսից հետո ծնողներին ու հյուրերին Առնո Բաբաջանյան համերգասրահում սպասվում էր տղաների հիշատակին նվիրված միջոցառում: Ելույթ ունեցան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նվագախումբը, ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները և ԵԹԿՊԻ ուսանողները։



Երեկոյին իր անկրկնելի երգերով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ով ծնողներին կոչ արեց չլռել, ոչ մի պարագայում չհանձնվել, լինել Արցախի կողքին, քանզի այդ հողում տղաների սուրբ արյունն է թափվել:


Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ էր կատարվում յուրաքանչյուրիս հոգում դահլիճի պատերի ներսում։ Բեմի էկրանին տղերքի նկարներն էին՝ լուսավոր, մաքուր, ազնիվ ժպիտերով ու աչքերով… նրանք մեզ էին նայում՝ պարտադրելով ուժ ու պայքար։ «Չհանձնվե՛ք»կարծես շշնջում էին նրանք մեզ․․․



Եվ այո, տղերքի կորուստը ամեն մեկիս մեջ պիտի պայքար ծնի, անսասան հավատ և ուժ՝ տեր կանգնելու մեր մի բուռ հողին, որի ամեն մի հատիկը մեր ինքնությունն է և ամենաթանկ ժառանգությունը։ 

Երեկույթի կազմակերպիչը ռեժիսոր Սարգիս Միրզոյանն էր, ում միջոցառման ավարտին հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից պատվոգիր շնորհեց տղաների հիշատակը մշտապես վառ պահելու համար։ 

Նյութը՝ Աննա Ավետիսյանի