Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հաջողությամբ ավարտվել է հայ-իտալական համատեղ հնագիտական արշավախմբի 2026 թվականի դաշտային պեղաշրջանը։ Արշավախումբը պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ISMEO-ի (Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա) միջև երկարամյա գիտական համագործակցության շրջանակում։ Նախագիծը հայկական կողմից ղեկավարում է Վարդուհի Մելիքյանը, իտալական կողմից՝ Ռոբերտո Դանը։

Նոր հետազոտությունները վերահաստատել են հնավայրի բնակեցման բացառիկ շարունակականությունը՝ ուշ բրոնզի և երկաթի դարերից մինչև ուրարտական, հետուրարտական, հելլենիստական, ուշ անտիկ, միջնադարյան և հետմիջնադարյան ժամանակաշրջանները։

Ինստիտուտից տեղեկացնում են, որ 2026 թվականի պեղաշրջանի կարևորագույն արդյունքներից է թիվ 3 դամբարանի պեղումների շարունակությունը։

Պեղումների ընթացքում բացահայտվել են նաև կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ։ Ուրարտական ամրոցի աշտարակներից մեկի հետևի հատվածում հայտնաբերվել է նաև միջին երկաթի դարի սենյակ՝ հրդեհի և ավերածությունների արտահայտված շերտերով, որին հաջորդում է ուրարտական պաշտպանական համակարգի կառուցումից ավելի վաղ թաղում։

Հետազոտությունները շարունակվել են նաև հնավայրի ամրացված հատվածներում։ Wall 2-ի դարպասների համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներկայումս տեսանելի L-աձև մուտքը, ամենայն հավանականությամբ, վերակառուցվել է հելլենիստական շրջանում՝ փոխարինելով երկաթի դարի ավելի վաղ շերտին։ Միաժամանակ Tower 3-ի պեղումներն ու մաքրումը վերահաստատել են ուրարտական ամրաշինության հուշարձանային բնույթը՝ բացահայտելով լավ պահպանված, մոտ 8,5 × 8,5 մ չափերով մեգալիթյան կառույց։ 2026 թվականի արշավը նոր հեռանկարներ է բացել նաև Շամիրամի հետուրարտական զարգացման ուսումնասիրության համար։ 7-րդ հատվածում (Area 7) բացահայտված սյուների խարիսխները, ուրարտական աշտարակներին հարող ճարտարապետական կառույցները և լավ պահպանված միջնադարյան շինությունները ցույց են տալիս, թե ինչպես են հնագույն ամրությունները դարերի ընթացքում պահպանել իրենց ազդեցությունը հնավայրի տարածական կազմակերպման վրա»,-հայտնում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտից,հավելելով, որ այս տարվա պեղաշրջանի արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Շամիրամը կենտրոնական Հայաստանի երկարատև պատմության ուսումնասիրման կարևորագույն հնավայրերից մեկն է՝ սկսած ուշ բրոնզի դարի թաղման ավանդույթներից և երկաթի դարի տեղական համայնքներից մինչև ուրարտական հուշարձանային ճարտարապետությունն ու հնավայրի վերօգտագործման և վերափոխման հետագա փուլերը։