Գվարդիոլա․ Ծախսած գումարների շնորհիվ հասանք եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնական գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ դուրս գալը։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում մանչեսթերյան թիմը 3:1 հաշվով հաղթել էր «Նյուքասլ Յունայթեդին»։

Գվարդիոլային դարձյալ հարցրել են տրանսֆերային ծախսերի եւ նվաճած տիտղոսների հարաբերակցության մասին։

«Ծախսած գումարների շնորհիվ հասանք եզրափակիչ։ Կատակը մի կողմ, բայց ես շատ ուրախ եմ այս արդյունքին։ Ես կաղոթեմ, որ մեր խաղացողները «Արսենալի» դեմ եզրափակիչից առաջ լինեն լավ մարզավիճակում եւ կարողանան մրցակցել։

«Արսենալը» հիմա Եվրոպայի լավագույն թիմն է, նրանց դեմ խաղալը հաճույք է։ Ինչքան շատ լինի այդ դիմակայությունը, այդքան շատ կառաջադիմենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն։

Եզրափակիչը տեղի կունենա մարտի 22-ին։