Eleveight AI-ն ընդլայնում է Հայաստանում արհեստական բանականության առաջին գործարանը

NVIDIA Blackwell-ի հիմքով Հայաստանում և Հարավային Կովկասում արհեստական բանականության առաջին գործարանի գործարկումից ընդամենը մեկ ամիս անց մեկնարկային ողջ հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է: Eleveight AI ընկերությունն արդեն սկսել է ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքները:

Ընկերության նպատակն է պատասխանատվությամբ մասշտաբավորել ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքերը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն:

Ներկայումս գործարանի հզորությունը կազմում է 1,5 ՄՎտ և ամբողջությամբ ծանրաբեռնված է: Ընդլայնման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է հզորությունն ավելացնել ավելի քան երեք անգամ՝ հասցնելով մինչև 5 ՄՎտ-ի: Երկրորդ փուլի ավարտից հետո գործարանի ընդհանուր հզորությունը կհասնի 40 ՄՎտ-ի:

Նման արագ աճն արտացոլում է ինչպես հայաստանյան շուկայի, այնպես էլ միջազգային պատվիրատուների կողմից աճող պահանջարկը:

Արհեստական բանականության գործարանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում: Սա Հայաստանում և ողջ Հարավային Կովկասում առաջին օբյեկտն է, որն աշխատում է NVIDIA Blackwell տեխնոլոգիայով: Այն հանդիսանում է 120 միլիոն դոլար ծավալով ներդրումային ծրագրի մեկնարկային մասը, որից 70 միլիոն դոլարն արդեն իսկ իրացվել է:

Այս պահին գործարանում տեղադրված է 512 NVIDIA Blackwell B300 գրաֆիկական պրոցեսոր (GPU): Այս սարքավորումը հասանելի է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հաճախորդներին: Ընդ որում, ընկերությունն առաջարկում է աշխատանքի երկու հիմնական ձևաչափ:

Հաճախորդները կարող են վարձակալել առանձնացված ռեսուրսներ (Dedicated). այս դեպքում GPU-ի ողջ հզորությունն ամրակցվում է բացառապես մեկ հաճախորդի: Այս տարբերակն առանձնապես պահանջված է խոշոր ընկերությունների և լուրջ նախագծերի կողմից, որոնց համար կարևոր են առավելագույն արտադրողականությունն ու լիակատար գաղտնիությունը:

Մյուս տարբերակը համատեղ օգտագործումն է (Shared): Այստեղ ռեսուրսները բաշխվում են մի քանի օգտատերերի միջև, ինչը հզոր սարքավորումների հասանելիությունը դարձնում է զգալիորեն ավելի մատչելի: Այս ձևաչափը հարմար է ստարտափների, հետազոտողների և այն թիմերի համար, որոնք սարքավորումների մշտական լրիվ ծանրաբեռնվածության կարիք չունեն:

Այսպիսի ճկուն մոդելի շնորհիվ Eleveight AI-ն կարող է աշխատել ամենատարբեր պատվիրատուների հետ՝ սկսած փոքր թիմերից մինչև խոշոր միջազգային խաղացողներ: