Այսօր ծնվել է Սառա Բեռնարը

Սառա Բեռնարը, ով ժամանակի ամենահայտնի դերասանուհիներից էր, ծնվել է 1844 թվականի հոկտեմբերի 23-ին եւ կենդանության օրոք համարվել իր ժամանակաշրջանի ամենահայտնի դերասանուհին ողջ աշխարհում՝ երկրպագուների կողմից արժանանալով «Աստվածային Սառա» անվանը:

Հայտնիություն սկսվել է ֆրանսիական բեմերում, ապա Եվրոպայի եւ Ամերիկայի մի շարք թատրոններում: Լավագույն դերերից են դոննա Սոլը («Էռնանի» Հյուգո), Մարգարիտա Գոտիեն («Կամելիազարդ տիկինը» Դյումա), Թեոդորան (Սարդուի համանուն պիեսը), Անուրջների արքայադուստրը (Ռոստանի համանույն պիես), Ռեյխշտադտի դուքսը (Ռոստանի «Արծվի ձագ» պիես), Համլետը (Շեքսպիրի համանուն ողբերգություն), Լորենցաչչոն (Մյուսսեի համանուն պիես)։ 1922 թվականին թողել է բեմը՝ լինելով առաջին դերասանուհին ով նկարահանվել է շարժանկարներում եւ ում ձայնը ձայնագրվել է:

Դերասանուհին ծնվել է հոլանդական եւ հրեական ծագում ունեցող մարմնավաճառ մորից, իսկ հոր անունը հայտնի չէ, սակայն դերասանուհին նշել է, որ հայրն է վճարել իր կրթության համար եւ պնդել, որ աղջիկը մկրտվի՝ որպես կաթոլիկ քրիստոնյա: Աղջիկն ապրել է դայակի հետ, քանի որ մայրը շատ է ճանապարհորդել:

Սկզբնական կրթությունը ստացել է Աութեուիլի օրիորդաց դպրոցում, որտեղ էլ խաղացել է իր առաջին ներկայացումը: Ավելի ուշ մոր հովանավորյալներից մեկի՝ Նապոլեոն 3-րդ կայսեր եղբայր եւ ֆրանսիական օրենսդրական մարմնի նախագահ Շառլ դե Մոնրինի հովանավորությամբ ընդունվում է Ավգուստին կաթոլիկ դպրոց:

1859 թվականին` հոր մահից հետո, Մոնրին նրան առաջարկում է դերասանուհի դառնալ եւ մոր ու իր ընկերոջ`Ալեքսանդր Դյումայի հետ աղջկան ուղարկում Comedie Française`ներկայացման: Մոնրիի ջանքերով եւ իր տաղանդի շնորհիվ Սառան ընդունվում է Փարիզի կոնսերվատորիա:

Աշխատել է Փարիզի, Գերմանիայի թատրոններում, ներկայացումներով հանդես եկել Իսպանիայում, Բելգիայում, Ամերիկայում:

Սառան Բրյուսելում հանդիպում եւ սիրահարվում է Լիգնեի արքայազնին, ումից ունենում է իր միակ զավակին`Մաուրիս Բեռնարին: Արքայազնի եւ դերասանուհու կյանքի վերաբերյալ մի շարք վարկածներ կան, սակայն հայտնի է, որ տարիներ հետո արքայազնը գալիս է Փարիզ եւ առաջարկում ճանաչել տղայի հայրությունը, ինչին ի պատասխան Մաուրիսն ասում է, որ Սառա Բեռնարի որդին լինելն իրեն լիովին բավարար է:

1898 թվականին վարձակալում է Փարիզի թատրոններից մեկն ու այն կոչում Սառա Բեռնար թատրոն: 1913 թվականի դեկտեմբերին Բեռնարը հաջողությամբ բեմադրում է Jeanne Doré դրաման եւ դառնում Պատվավոր Լեգեոնի շքանշանի կավալեր։

Բեռնարը մահանում է 1923 թվականի մատի 26-ին՝ ուրեմիայից։ Թերթերը գրել են, որ նա մահացել է «խաղաղ, առանց տանջվելու, իր որդու գրկում»։ Հաջորդ օրը 30 000 մարդ հարգանքի տուրք է մատուցել նրան, հազարավոր մարդիկ հավաքվել են նրա թատրոնի մոտ` լռությամբ հարգելու դերասանուհու հիշատակը։ Նրա գերեզմանաքարին մակագրված է` «Բեռնար»: