Իրական «Չորրորդ հրացանակիրի» մնացորդները, հնարավոր է, հայտնաբերվել են Նիդեռլանդներում գտնվող եկեղեցու տակ՝ ավելի քան 350 տարի անց։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մաաստրիխտի մոտ գտնվող Վոլդերի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հնագետները պատահաբար գտել են կմախք, որը, ենթադրաբար, պատկանում է Շառլ դը Բաց դը Կաստելմորին, որն ավելի հայտնի է որպես Դ'Արտանյան։
Հետազոտողների կարծիքով, նրա մահվան վերաբերյալ հիմնական ապացույցները համընկնում են նրա մահվան պատմական վարկածների հետ. նրա կողերի մոտ հայտնաբերվել է հրացանի գնդակի մի կտոր, իսկ գերեզմանում՝ ֆրանսիական մետաղադրամ։
Դ'Արտանյանը, որը Լյուդովիկոս XIV թագավորի վստահելի հրամանատարն էր, սպանվել է Մաաստրիխտի պաշարման ժամանակ 1673 թվականին։ Մահանալով մարտում, նա թաղվել է իր զոհված վայրից ոչ հեռու՝ այն եկեղեցու մոտ, որտեղ տեղակայված էին ֆրանսիական զորքերը։
Թաղման վայրը հատկապես նշանակալից է. այդ ժամանակ միայն բարձրաստիճան պաշտոնյաներն էին թաղվում խորանի տակ։ Կմախքի ատամներից վերցված ԴՆԹ նմուշը ներկայումս համեմատվում է հրացանակիրի կենդանի ժառանգի ԴՆԹ-ի հետ. արդյունքները շուտով կհայտնվեն։
Հնագետ Վիմ Դեյկման, որը գրեթե 30 տարի փնտրել է Դ'Արտանյանի գերեզմանը, նշում է. «Մինչ այժմ ոչինչ չի հակասում այն տեսությանը, որ սա իսկապես նա է»։
Սարկավագ Յոս Վալկեն, որը ներկա էր պեղումներին, համոզված է գտածոյի պատմական նշանակության մեջ։ «Կմախքը ընկած էր այնտեղ, որտեղ նախկինում գտնվում էր խորանը։ Խորանի տակ թաղված էին միայն թագավորական կամ շատ կարևոր մարդիկ»։
Շառլ դը Բաց դը Կաստելմորը հայտնի դարձավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի շնորհիվ և դարձավ համաշխարհային մշակութային խորհրդանիշ իր հայտնի կարգախոսով՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»։

.png)
.png)