ARCA-ն պատրաստվում է ընդլայնել քարտի կիրառությունը Հայաստանի սահմաններից դուրս

ARCA-ն Visa-ի և Mastercard-ի հետ միաժամանակ և՛ համագործակցում է, և՛ մրցակցում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ARCA-ի խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը՝ անդրադառնալով ազգային վճարային համակարգի մրցունակությանը։

Նրա խոսքով՝ միջազգային վճարային համակարգերի՝ Visa-ի, Mastercard-ի, American Express-ի և մյուսների հետ ARCA-ն գտնվում է միաժամանակ գործընկերային և մրցակցային հարաբերություններում։

«Visa-ի քարտերով Հայաստանի ներսում իրականացվող գործարքները մշակվում են ARCA-ի միջոցով, բայց միաժամանակ մենք թողարկում ենք նաև ARCA քարտ, որը մրցակից է Visa-ին»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունը ծառայությունների սակագներն ու պայմանները ձևավորելիս փորձում է պահպանել գործընկերության և մրցակցության միջև հավասարակշռությունը։

Նա նշեց, որ արդեն իրականացվել է համատեղ քարտերի թողարկում, իսկ նոր գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով՝ տեխնիկական լուծումները պատրաստ են, իսկ նոր նախագծերի մեկնարկը կախված է կոմերցիոն համաձայնություններից։

Անդրադառնալով մրցակցությանը՝ Խաչատրյանը նշեց, որ ARCA-ն մրցում է ծառայությունների որակով, սակագներով և հավելյալ հնարավորություններով։

Նրա խոսքով՝ Հայաստանի օրենսդրությունը որևէ առավելություն կամ սահմանափակում չի նախատեսում ազգային կամ միջազգային քարտերի համար, և շուկայում գործում են հավասար մրցակցային պայմաններ։

Միաժամանակ նա ընդգծեց, որ բազմաթիվ երկրներում, որոնք ունեն ազգային վճարային համակարգեր, քաղաքացիներն առավել հաճախ օգտվում են հենց ազգային քարտերից, իսկ ARCA-ի առաջիկա նպատակներից է նաև ընդլայնել քարտի կիրառելիությունը Հայաստանի սահմաններից դուրս՝ ապահովելով վճարումների հնարավորությունը գործընկեր երկրներում։